1in.am (17.09.2017)
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ներմուծվեց խայտառակ մի ավանդույթ` մեռելոցները դարձել ոչ աշխատանքային օր: Այս «ավանդույթն» աստիճանաբար սրբագրեցին նրան հաջորդած երկու վարչապետները` չնայած Խաչվերացի այսօրվա տոնին վաղը դարձյալ հաջորդելու է ոչ աշխատանքային մեռելոցը: Այս խնդիրը քննարկման անհրաժեշտություն ունի մի քանի հարթության վրա: Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը մեր պետության մեջ, մեղմ ասած, համարժեք մակարդակի վրա չէ և դրան մեծապես նպաստում է իշխանության քաղաքականությունը, որը, կարծես թե, առիթներ է փնտրում մարդկանց «հանգիստը» խրախուսելու համար: Սա ենթագիտակցորեն բխում է իշխանությունների արժեքային համակարգից, որի հիմքում ոչ թե մարդու արդար վաստակի ու տաղանդի, այլ` քսակի և զոռբայության գնահատումն է:
Տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորվել է ծույլ, աշխատանքի նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեցող հասարակություն: Սա անխուսափելիորեն բերելու էր արժեքային համակարգի, սոցիալական հարաբերությունների դեգրադացիայի: Երբ մարդը հետ է վարժվում աշխատանքից, նրա մոտ մեռնում են ստեղծագործելու տաղանդը, արժեք ստեղծելու ձգտումը: Նման հասարակությունները շատ արագ զրկվում են ամբիցիաներից, երազանքներից: Եթե աշխատանքը չէ մարդկանց եկամտի աղբյուրը կամ հասարակության մեջ նրանց գնահատման չափանիշը, ապա օբյեկտիվորեն պետք է աճեն հանցագործությունները, որովհետև թամբալությունն ու օրվա հացի կարիքը մարդկանց մոտ ծնում են ստոր բնազդներ: