Օրեր առաջ մամուլի էջերը թերթելիս պատահաբար հանդիպեցի սեպտեմբերի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված Պարթեւ վարդապետ Բարսեղյան հեղինակի անունը կրող «Վարդապետը հակադարձում է եկեղեցաշինության ընդդիմախոսներին» հոդվածին:
Տրամադրված չէի կարդալ հոդվածը, սակայն փորձում էի հույսս դեռ չկտրել, թե եկեղեցու ներկայացուցիչը կկարողանա գոնե մեկ անգամ անկեղծ լինել եւ ասել ճշմարտությունը: Հերթական անգամ հուսահատվեցի` կարդալով ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ վարդապետի ձեռքով գրված երկարաշունչ մի դատարկաբանություն: Անկեղծորեն ափսոսեցի կորցրածս ժամանակի համար: Մի պահ մտածում էի անտեսել, շատ լավ հասկանալով հոգեւոր ծառայողի` իր անմիջական շեֆերին՝ կաթողիկոսին կամ նրա համագյուղացի դիվանապետին հաճոյանալու, էժանագին ձեւով դիվիդենտներ քաղելու եւ աչքի ընկնելու հերթական փորձը: Սակայն որոշեցի արձագանքել` ոչ այնքան ընդգծելու խնդրի կարեւորությունը կամ էլ շեշտելու հերթական այս անհեթեթության «մտքի գոհարները», որքան սաստելու եւ սանձահարելու բախտախնդիր կամակորին: