Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ Երուսաղեմի՝ Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը ճանաչում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում այնտեղ:
«Բոլոր հոգևոր պետերի կողմից ստորագրված մի նամակ ենք ուղղել Թրամփին, որտեղ հոգևոր պետերը կոչ են անում Դոնալդ Թրամփին, որ շարունակի ճանաչել տասնամյակներ շարունակ ճանաչված Երուսաղեմի կարգավիճակը, և որևէ փոփոխություն չկատարի այդ կարգավիճակում: Հոգևոր պետերը մտահոգություն են հայտնում, որ նման հայտարարությունը կարող է բռնությունների առաջնորդել, կոնֆլիկտ ստեղծել և այն տառապանքը, որ արդեն երկու ազգերն ապրում են հակամարտության պատճառով, էլ ավելի ավելանա: Ատելությունը կարող է աճել այստեղ բնակիչների միջև»,- նամակի բովանդակությունը ներկայացրեց նա: