Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

  • 28/11/2017

armchurch.info

Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ուղղեց պրն. դեպանին նշանակման առիթով` ցանկանալով արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց հայ-սիրիական պատմական կապերի մասին` ընդգծելով հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը քննարկեցին Սիրիայում տիրող կացությունը, անդրադարձան հակամարտության հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին և պատճառված ավերածություններին: Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայի ժողովրդի, այդ թվում հայ համայնքի կրած տառապանքների ու դժվարությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ:

Ամբողջական տեքստ