Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի վերաբերյալ բուռն արձագանքը, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ շրջանառվող տարակարծությունները՝ ՀՀ փաստաբանների պալատն այսօր նախաձեռնել էր թեմայի շուրջ կլոր սեղան-քննարկում:
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՐՄԻՆ Է ԴԱՐՁԵԼ»
Քննարկմանը ներկա էր նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, որը ներկաներին նախ հիշեցրեց, որ այս օրինագիծը նորություն չէ, այն ժամանակին էլ է շրջանառվել եւ անընդհատ լրամշակման է ենթարկվել: Իսկ այսօր հասել ենք այնտեղ, որտեղ կանք: Թե հիմա հնարավոր կլինի՞ օրինագիծը բարեփոխել, թե` ոչ, ապագան ցույց կտա: Այնուհետեւ Սրբազան հայրը ներկայացրեց օրենսդրական նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները. «Նախ ասեմ, որ միանշանակ պետք է ընդունենք, որ որեւէ մեկը որեւէ տեսակի բռնության կողմ չէ: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ ընտանիքում, փողոցում, աշխատավայրում, եկեղեցում, պառլամենտում, ավագանու նիստին կամ որեւէ տեղ: Եվ հստակ կերպով կարող ենք ասել, որ դրա վերաբերյալ Քրեական օրենսգիրքը որոշակի լուծումներ ունի: Հետեւաբար, ընտանեկան բռնությունն, ըստ էության, ավելի շատ քաղաքական տերմին է դարձել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստիպում են թե՛ մեր երկրում, թե՛ ընդհանրապես որեւէ տեղ»: