primenews.am (21.06.2018)
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռի միաբանությունը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռի միաբաններից, Կորյուն աբեղա Առաքելյանի հարցը Կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Կորյուն աբեղա Առաքելյանը, անսալով իր հոգեւոր զավակների խնդրանքին կանգնել է Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման կողքին՝ պահանջելով Ամենայն Հայոց գործող կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը եւ հիմնավոր բարեփոխումներ Հայ Առաքելական եկեղեցում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կորյուն աբեղա Առաքելյանի հետ կապված հարցով պայմանավորված Կարգապահական հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու առաջիկա օրերին, որի ընթացքում քննվելու է վերջինիս կարգալուծության հարցն այն դեպքում, երբ Կորյուն աբեղա Առաքելյանն ինչպես ինքն է փաստել՝ ընդամենն իրացնում է խոսքի ազատության իր իրավունքը՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ։
Հասկանալի է, որ շատ տերմիններ եւ հասկացություններ, նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներսում գործող մարմիններ հասարակ քաղաքացու համար անհասկանալի են եւ բարդ։ Ցանկանալով պարզաբանել, թե ինչ է ներկայացնում իրենից Կարգապահական հանձնաժողովը, եւ զուգահեռ աչքի առաջ ունենալով քաղաքացիական կյանքում դատարանի ինստիտուտը, Primenews.am կայքը գրավոր հարցում էր ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, հանձինս նրա խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի, խնդրելով ամփոփ տեղեկություններ ներկայացնել այս առնչությամբ՝ առանց կենտրոնանալու կոնկրետ այս դեպքի վրա։