Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ժողովն ատենապետեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։