Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Մենք խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։
– Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
– Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի միջոցով ստացել է ԿԳՄՍ նախարարության փոխանցած հանրակրթության չափորոշիչի նախագիծը։ Փաստաթուղթը ծավալուն է, որի շուրջ Մայր Աթոռի կառույցներում քննարկումները շարունակվում են, արդյունքում կձեւավորվի ու հանրությանը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի եւ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը։ Որոշակի մտահոգություններ առկա են, կան նաեւ պարզաբանման կարոտ հարցեր։