Հայաստանում արշավ է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ. «Ինտերֆաքս»

  • 15/04/2020

tert.am

Հայաստանում արշավ է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, կալանքից ազատ արձակելու կոչով հանդես գալուց հետո: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ անդրադառնալով կաթողիկոսի հայտարարությունից հետո հնչող արձագանքներին:

«Անսալով Ռոբերտ Քոչարյանի առողջության մասին բժիշկների կարծիքին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրականացմանը զուգահեռ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թվում և խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագա վատթարացումը»,- գործակալությունը մեջբերում է կաթողիկոսի խոսքը:

Աղբյուրը նշում է, որ Ամենայն հայոց հայրապետի հայտարարության մեկնաբանությամբ հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանությամբ հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը. «Նախ և առաջ հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության ղեկավար երեց Վահրամ Մելիքյանը մինչ օրս եղել է Սամվել Մայրապետյանի (Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր) անձնական երաշխավորը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին մեղադրվում է 2008թ. մարտի 1-ի գործով: Մայրապետյանը 2019թ. հունվարին բուժման պատրվակով հեռացել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջներին և Վահրամ Մելիքյանի երաշխիքներին՝ չի վերադարձել Հայաստան: Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի մեկնաբանում Նորին Սրբության ցանկություններն ու հույսերը: Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ Սբ. Էջմիածինը կվերանայի Մայրապետյանին երաշխավորելու պատմությունը և դրա արդյունքում ստեղծված իրավիճակը»:

Ամբողջական տեքստ