Օրերս Խորհրդարանում չընդունվեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի համար պետական պաշտպանություն ապահովել, եւ որը քաղաքական ուժերի շրջանում թեժ բանավեճերի առիթ տվեց: Նախագծի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտեցումը լսելու նպատակով Aravot.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
–Տեր Հայր, արդյո՞ք Մայր Աթոռն էր դիմել ՀՀԿ–ին՝ նման օրինագծի մշակման եւ ներկայացման համար:
-Ոչ։ Մայր Աթոռը որևէ մեկին այս առնչությամբ չի դիմել: Մայր Աթոռը սույն օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ հրապարակայնորեն ու հստակ արտահայտել է իր կեցվածքը և վերաբերմունքը։ Գոհունակությամբ ենք արձագանքել Ամենայն Հայոց Հայրապետին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և եկեղեցապատկան կառույցները օրենսդրական պաշտպանության տակ առնելու նախաձեռնությանը, բայց և հաստատել ենք, որ հոգևորականությունն ու մեր հավատավոր ժողովուրդն են ամուր և անխորտակելի պատվարը բոլոր ժխտելի երևույթների դեմ։ Ցավով տեղեկացանք օրենսդիր մարմնում քննարկման մանրամասներին։ Մենք կարծում ենք, որ անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան, և աղոթում ենք այդ միաբանության ու համերաշխության համար։ Այս հարցում Եկեղեցին, կարծում եմ, ակտիվ դեր պետք է ստանձնի մեր պետությունում։