Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը:
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ վարչության պետեր, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներ և սպասավորներ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և զինվորականներ:
Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո հանդիսավոր խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի Ս. Տրդատի բաց խորան, ուր կատարվեց քսանմեկ խաչվառների օրհնության արարողությունը: