«Իրավունքն» անդրադարձել էր , որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ, Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը կտրվի ամերիկյան «Մըք Քենզի» ընկերությանը: Տվյալ տեղեկատվությունը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ յուրաքանչյուր հայի անհանգստության առիթ տվեց, քանի որ վերոնշյալ ամերիկյան կազմակերպությունն ունի կասկածելի կենսագրություն եւ գործունեություն: «Իրավունքի» եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների մի շարք մտահոգիչ հարցերի շուրջ էլ զրուցեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշում է կայացվել Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը տալ օտար կազմակերպությանը։
– Ձեր հարցադրումը հուշում է, որ ակնհայտ շփոթ կա այս հարցում: Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից 2016 թ. նախաձեռնվել է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների գործունեության արդյունավետությունը: