Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
«Սիրելի՛ Սրբազան,
Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոների առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցական դասին, համայնքային վարչությունից պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:
Ի լրումն ժամանակի Աստված Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ` հանուն մարդկության փրկության. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ: 16): Միածին Որդու աշխարհագալուստով վերականգնվեց պատվիրանազանցությամբ խախտված հաշտությունը Աստծո և մարդու միջև, մարդկությանը տվեց Աստծու որդեգրության և հավիտենական կյանքի շնորհը: Շնորհ, որ պարգևում է հույս, ամրապնդում հավատքը, առատացնում սերը մարդկանց սրտերում:
Առ Աստված ապավինությամբ մեր ժողովուրդը ապրեց դարերի հոլովույթում, դիմակայեց պատմության փորձություններին: Տիրոջով ազգս հայոց վերապրեց հայոց ցեղասպանությունը և մոխիրներից ու ավերակներից վերստեղծեց իր անկախ պետականությունը, որի հովանու ներքո շարունակեց նոր ձեռքբերումներով նորոգել ու բարեզարդել իր կյանքը:
Փրկչական 2018 թվականին ազգովի պիտի տոնախմբենք ու ոգեկոչենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ու մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձերը: Առաջին Հանրապետությունը ծնունդն էր ինքնիշխան և անկախ պետականություն ունենալու աշխարհասփյուռ մեր ժողովրդի դարավոր ձգտումի, կամքի ու վճռականության: Փառք Տիրոջը` այսօր ունենք անկախ պետություն, որ ամուր պատվարն է մեր ժողովրդի գոյության և հարատևության: Մայիսյան հերոսամարտերը Հայրենիքով համախմբված մնալու, Հայրենյաց սիրով ապրելու և հայոց բանակը զորացնելու պատգամ են մեր ժողովրդին միասնական ջանքերով կառուցելու առավել լուսավոր ու պայծառ ապագա և շարունակելու կերտել մեր երազած հայրենիքը, շենացնել Սփյուռքի մեր համայնքները, հետամուտ լինել մեր ազգային իղձերի ու նպատակների իրականացմանը: