Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանության մասին՝ մասնավորապես հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Ուղիղ 2 տարի առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 21-ին, ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով առաջ էին մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ եւ խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը, բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները հեռացվել էին տարածքից։
«2023 թվականի սեպտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ եւ հնարավորություն՝ անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական եւ ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։