hraparak.am
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում ՀՀ ներկայիս իշխանությունների կատարած փոփոխությունները բավական հետաքրքիր տեսակետների եւ վերլուծությունների առիթ են տվել փորձագետներին։ Հատկապես ռուսալեզու միջավայրում գործող փորձագետները նկատում են, որ դիլեման հետեւյալն է՝ իրականացվում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների խմբագրո՞ւմ, թե՞ ազգային ինքնության վերաֆորմատավորում։ Այս համատեքստում հատկապես ուշադրություն են դարձնում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած ոչ միանշանակ, իսկ երբեմն՝ նաեւ մերժող կեցվածքին։
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը համարում է հայ ժողովրդի համար՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, ազգային ինքնության հետ կապված հարց, եւ այս հարցի նկատմամբ պետական քաղաքականության փոփոխությունը, նրա տրամաբանությամբ եթե դիտարկենք, կարող է համարվել թե՛ որպես արտաքին քաղաքական առաջնահերթությունների սրբագրում, թե՛ որպես ինքնության վերաֆորմատավորում։ Թե իրականում ինչ նպատակներ կան Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումների հետեւում, ժամանակը ցույց կտա։ Սակայն պատմականորեն ուսումնասիրելով հայ ժողովրդի գոնե վերջին 100-120 տարվա պատմությունը եւ հատկապես Խորհրդային Հայաստանի սկզբնական շրջանի պատմությունը, կարող ենք ասել, որ այն, ինչ հիմա փորձ է արվում անել Հայաստանի գործող իշխանությունների կողմից, իրականում արդեն մեկ անգամ փորձել են կյանքի կոչել հայ բոլշեւիկյան իշխանությունները։