armchurch.info (11.09.2017)
Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչիին և Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին` ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:
Ավագ արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատկառելի պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով նրանց` Հայաստան այցի կապակցությամբ և ներկայացնելով նրանց տպավորությունները հոգևոր կյանքում վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Հայոց Հովվապետը` ընդգծելով, որ Մերձավոր Արևելքի երկրներն ու ժողովուրդները մշտապես իր աղոթքների մեջ են: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ, հետևելով զարգացումներին, մեծ ցավ է ապրում` հաղորդ դառնալով բախումների հետևանքով մարդկային կորուստներին և պատճառված ավերածություններին, կրոնական անհանդուրժողականության դրսևորումներին: