ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
(Սուրբ Էջմիածին, 25 հոկտեմբերի, 2020 թ.)
«Սիրելի զավակներ Մեր, Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ:
Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։