andin.am (2015)
—Աստված օգնական, սրբազան հայր:
-Աստված պահապան:
—Սրբազան հայր, իմ բարձրաձայնած հարցերը լինելու են բազմաբնույթ:
-Հարցրեք, ինչ ուզում եք, ես արգելված հարց չունեմ:
—Պատմեք Աջապահյան տոհմի մասին:
-Աջապահյանները ծագում են Հեթում Բ արքայի Հովհաննես արքաեղբորից, ով գնաց Եգիպտոս, վերադարձրեց գերված սրբությունները, որոնց թվում` Գրիգոր Լուսավորչի Աջը, և ինքն ու իր ժառանգները դարձան այդ Աջի և մյուս սրբությունների պահապանները Սիսում: Իսկ մինչ այդ Աջապահյանները եղել են Ռուբինյաններ, որ մոտ 1000 տարի առաջ Արցախից տեղափոխվել են Կիլիկիա: 13-րդ դարից սկսվում է Աջապահյանների ինքնուրույն պատմությունը… և 13-րդ դարից առ այս կողմ Աջ երբեք չի կորել և սրբությունները երբեք չեն գերեվարվել: Նույնիսկ 1915 թվին էլ չկորան, և Խադ արքեպիսկոպոս Աջապահյանը, այդ ժամանակ վարդապետ, կարողացավ փրկել սրբությունները և հասցնել Անթիլիաս: Աջապահյանները միշտ ապրել են Սիսում. եթե կա Աջապահյան, ուրեմն նա Սսեցի է: Մերոնք գաղթի ճանապարհին հասել են մինչև Բեյրութ,1947-ին հայրենադարձվել են Հայաստան: Ես ծնվել եմ Հայաստանում: Սերնդեսերունդ Աջապահյանները մի զավակ են նվիրել Եկեղեցուն, և այդ նվերներից տասը հոգի դարձել են Կիլիկիո կաթողիկոս: 135 տարի Կիլիկիո կաթողիկոսական գահին եղել են Աջապահյաններ` ամենախառնակ և ամենադաժան տարիներին, երբ կաթողիկոսներն ուղղակի սպանվում էին բարաբարոսների կողմից:
—Դո՞ւք էլ Աջապահյան գերդաստանի նվերներից եք…
-Ես առաջին Աջապահյանն եմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսության ճամփով եմ ծառայում Հայ Եկեղեցուն, ոչ թե Կիլիկիո կաթողիկոսության:
—Ո՞րն է ձեր հոգևորական դառնալու մղումի հիմքը, եթե Տիրոջ առաջնորդությունը, ապա ինչպե՞ս է այն դրսևորվում երիտասարդ մարդու կյանքում, և դրա ըմբռնումի ի՞նչ ներքին ճանապարհ է անցնում մարդը, մինչև նման որոշում կայացնելը: