news.am
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Հայոց Հովվապետը խոսեց նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարևորության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։