hraparak.am
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, ապրիլի 24-ից մի քանի օր առաջ իշխանությունը խոսում է ցեղասպանությանը զոհ գնացած հայերին ցուցակագրելու անհրաժեշտության մասին: Սա ի՞նչ է` անփութությո՞ւն, թե՞ ուղղորդված քաղաքականություն:
– Սա արդեն կանխամտածված հանցագործություն է: Ի՞նչ է նշանակում՝ ցուցակագրել 1.5 մլն զոհերին… այդ գյուղերի, քաղաքների գրանցամատյանները, ծխամատյանները՝ բոլորը ոչնչացվել են… թուրքն այդքան հիմա՞ր էր, որ թողեր՝ այդ ամենը մնար, որպեսզի հետո 1.5 մլն զոհի ցուցակ կազմվի: Նույնիսկ Գերմանիայում չեն կարողանում կոտորված 6 մլն հրեաների ցուցակը կազմել, մենք 15թ․ կատարված ցեղասպանության ցուցակը ո՞նց ենք կազմելու: Մեր այսօրվա պատկերացումներով, որպես այդպիսին, նույնիսկ մարդահամար այդ երկրում չի եղել, ուր մնաց թե գրանցամատյան, ծխամատյան պահեն: Հայ եկեղեցին հանել է հոգեւոր դասի զոհերի թիվը` անուն առ անուն, ովքեր եկեղեցուն են ծառայել, պատարագներ են արել, դրանց անունները կան, բայց դա ընդամենը մի բնագավառ է, որտեղի՞ց ես հանելու այն զինվորների ցուցակը, որոնք զորակոչվեցին բանակ, եւ առաջին հերթին հենց նրանց գլխատեցին, տարան շինարարական ճամբարներ, հետո էլ կանխամտածված ձեւով սպանեցին, այսինքն՝ մարտական ուժից զրկեցին հայերին: Կարող ես նաեւ մտավորականության ցուցակ կազմել, բայց գավառների բնակչության թիվը ճշտելն անհնար բան է, ու իրականում իրենք շատ լավ գիտեն, որ դա անհնար է: