Եկել է 2020-ի սեւ էջը փակելու ժամանակը

  • 08/12/2020
  • Հրանտ Սարաֆյան

iravunk.com

Գյումրու ահեղ երկրաշարժի տարելիցին մի շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, որն, անշուշտ, անցավ ֆեյսբուքյան օգտատերերի խրատների ու քարոզների ուղեկցությամբ: Ընդ որում` տպավորություն էր, որ քննադատությանը մասնակցում էր, հատկապես, այսպես ասած, ֆեյսբուքահայության այն շրջանակը, ով դեռ տարիներ առաջ ահաբեկիչներին հերոս էին անվանում եւ բնական տգիտությամբ այսօր դավաճանին` փրկիչ: Ակնհայտ սրբագրությունների պակասը պատճառ է դարձել մեր հասրակության մեջ անարգանքի, տեղ-տեղ հայհոյախոսության, անեծքի, մտքերի դատարկախոսության, որոնք մեր հասարակության ինչպես 44 օր «հաղթող» պատերազմում, այնպես էլ այստեղ ոչ մի լավ տեղ չեն տանելու։ Եվ ահա հայտնվում է նա, ով հայրական խրատով փորձում է սթափեցնել:

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆՆ առավոտյան անձամբ պատարագելով եւ հոգեհանգստյան կարգ կատարելով Գյումրիում` ավելի ուշ հրաժարվում է հոգեհանգստյան մյուս կարգին մասնակցել այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր փոխարեն այլ հոգեւորական է այդ արարողությունը անցկացնում: Սրբազանը պատճառաբանում է, որ իր համար տհաճ է մի մարդու հետ գտնվել այնտեղ։

Անշուշտ, այստեղ կարելի էր մեկնաբանել, որ, ասենք, 6 ամիս առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր անտեսում Սրբազանին եւ թեմի առաջնորդին` իր փոքր ածու կարգավիճակով վատ վիճակում դնելով նրան, թե իբրեւ տեսեք մենք ենք թելադրում քաղաքականությունը, կամ նույն քաղաքային իշխանությունը դիտավորությամբ սրբազանին աշխարհիկ անուն ազգանունով նամակներ էր առաքում:

Ինչեւէ, պետք է արդարացիորեն ասել, որ սրբազանը երբեք նման հիշաչարություն չէր դրսեւորի, եւ այս դեպքում` իր վարմունքը եղել է ոչ թե վրեժ լուծողի, այլ խրատողի: Ի վերջո, չմոռանանք, որ նույն սրբազանը ժամանակին խրատել է նաեւ իմքայլականների ատելի նախկիններին եւ նրանց հասցեին արտահայտել բավական կոշտ տեսակետներ: Բայց, չգիտես ինչու, սրա մասին բոլորն այսօր մոռանում են: Եվ մինչ ֆեյսբուքյան որոշ շրջանակներ «դասեր» են սովորեցնում հոգեւորականներին, ազգային ամոթի ու արժանապատվության նսեմացման խորհրդանիշին` Նիկոլ Փաշինյանին, ամեն օր շարունակում ենք տեսնել ու վերստին ապրել 44 օրյա պատերազմի կորուստների ցավը, հիշել այն, ինչը դեռ երկար տարիներ պետք կլինի մոռանալ: Եվ սա հիվանդ գառի օրինակը չէ, այլ հոշոտող գայլի օրինակն է` վատ նախադեպով: Ի վերջո, ի՞նչ ենք պատմելու մեր զավակներին, որ սրբազանը մերժում էր դավաճանությունը եւ կանխում հաջորդ օրվա քաղաքացիական բախումը, թե՞ որ մենք այնքան ուժ գտանք, որ հեռացրեցինք դավաճանությունը եւ 1988-ի սեւ էջի հետ փակեցինք 2020-ի սեւը։