news.am (9.12.2017)
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության թուրքական արձագանքին։
Twitter-ի իր էջում Կարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ։ Ներկայում իրենց էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից»,-գրել է Կարո Փայլանը՝ ներկայացնելով իշխող կուսակցության եւ Իսրայելի իշխանությունների միջեւ «Մավի Մարմարայի» գործով կայացված համաձայնագիրը, որտեղ նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվում է Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ։ Երուսաղեմն այստեղ նկատի է առնվում որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան։