hraparak.am
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի 2025թ.-ի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը․
«Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։
Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։
Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։