Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Միացյալ Նահանգներ կատարած իր այցի համատեքստում բավական հետաքրքիր ելույթով է հանդես եկել՝ առաջ քաշելով մի շարք կոնցեպտուալ-ծրագրային թեզեր, որոնք քննարկման համար հետաքրքիր լինելուց զատ, իրենց մեջ նաեւ որոշակի կենսականություն են պարունակում։ Դրանք կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ․
• Գլոբալիզացիայի տիրապետության տակ գտնվող աշխարհում ինչպե՞ս կարելի է գոյատեւել` պահպանելով ինքնությունը կամ, որ նույնն է՝ համագործակցել գլոբալիզացիայի հետ։
• Ինչպե՞ս կարելի է նորացնել Եկեղեցին, որպեսզի այն կարողանա պահպանել իր կենսունակությունը ժամանակակից աշխարհում։
• Ո՞վ է հայը եւ հայ ժողովուրդը՝ ժամանակակից ընկալմամբ։
Երեք հարցն էլ կարեւոր են ու, կարելի է ասել՝ գոյաբանական նշանակություն ունեցող։
Ընդ որում, եթե երկրորդ՝ Եկեղեցուն վերաբերող հարցը կարելի է համարել ավելի մասնագիտական՝ կրոնական, եւ թողնել կրոնավորների հայեցողությանը, քանի որ, ի վերջո, նրանք են Եկեղեցու հարցերը կարգավորում, ըստ իրենց օրենքների, կանոնների եւ հետեւորդների ու հավատացյալների կարիքների, ապա առաջին եւ երրորդ հարցերը վերաբերում են մեզ` հասարակ մարդկանց։