Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում օգոստոսի 22-ին` նախագահությամբ Առաջնորդական տեղապահ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։
Այն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց Սուրբ Գրքի ընթերցում։ Ապա հոգեշնորհ հայր սուրբը ողջունեց քահանա հայրերին և ներկայացրեց ժողովի օրակարգը, որում ընդգրկված էին թեմի տնտեսական կացության, քահանաների սոցիալական վիճակի, մշտական հսկողություն չունեցող սրբավայրերի պահպանման և ծիսական այլ հարցեր:
Հայր սուրբը ներկայացրեց թեմի ներկայիս տնտեսական կացությունը` անդրադառնալով վերջին ամիսներին համաճարակի հետևանքների բացասական ազդեցությանը և դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերին: Նշվեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Ֆրանսիայի հայոց թեմի ազնիվ հայորդիների, Գեղարքունյաց թեմի անհատ բարերարների և համայնքապետերի կողմից ցուցաբերված ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 9,4 մլն. դրամ: