hraparak.am
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։
Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ Մայր Աթոռ են այցելել նորածին զավակներ ունեցող արցախցի ընտանիքներ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։ Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։