Հայաստանի իշխանություններն «էշի համառությամբ» գնում են սխալ ճանապարհով

  • 05/05/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Արդեն պաշտոնապես հաստատվեց, որ այս սեպտեմբերից Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առանձին առարկա, չի դասավանդվելու։ Այն, ըստ էության, տարրալուծվելու է մի շարք առարկաների մեջ, ինչպես Հայոց պատմությունը, Համաշխարհային պատմությունը, Հասարակագիտությունը, որոնց ժամաքանակն ավելացվելու է։ Այս ամենը կարելի էր ենթադրել Հ1-ի՝ այս առնչությամբ երեկվա «Լուրերի» հեռարձակած ռեպորտաժից։ Ժամաքանակն էլ ավելացվում է, որպեսզի աշակերտները, այսպես ասած, «խոշորացված» կամ պաշտոնական եզրաբանությամբ ասված՝ «ինտեգրված» առարկաները լիովին յուրացնելու հնարավորություն ունենան։

Այսինքն՝ իշխանությունը որոշեց մինչեւ վերջ գնալ սեկուլյար դպրոց ունենալու սկզբունքով՝ սահմանափակելով առաքելական եկեղեցու դերակատարումը Հայաստանի կրթական կյանքում։ «Հրապարակի» էջերում մենք բազմիցս ենք խոսել այն մասին, թե ինչու է կարեւոր կրոնական բովանդակություն ունեցող առարկայի ուսուցանումը դպրոցում, եւ կարեւոր չէ՝ դրա անունը կդրվի «Հայոց եկեղեցու պատմություն», «Կրոնների պատմություն» թե, օրինակ, «բադրիջանով իմամ բայալդի»։ Երեւի թե արդեն 1000-րդ անգամ կրկնում ենք եւ կրկնելու ենք թերեւս էլի այդքան, եթե հարկ լինի․ Հայաստանի գործող իշխանությունների այս քայլը սխալ է ու անհեռատես։ Հայաստանում հայ դպրոցականի, ՀՀ ապագա քաղաքացու համար կարեւոր է դպրոցում կրոնական բովանդակություն ունեցող պատմաճանաչողական ընդհանուր գիտելիքներ փոխանցող առարկա սովորելը։ Հիմնավորումն առավել քան պարզ է՝ պետք է պարզապես նայել քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Չի կարող ՀՀ քաղաքացին համարել իրեն ուսյալ, եթե գոնե տարրական գիտելիքներ չունի քրիստոնեությունից, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության դավանանքը ներկայացնող առաքելական եկեղեցուց, իսլամից, մյուս կրոններից, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դավանած կրոններից կամ, առհասարակ՝ դավանանքներից։

Ամբողջական տեքստ