armchurch.info (20.10.2017)
Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ և այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» (օրինակ` Դանիել Իոնիսյանի և այլոց) գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից և, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ և շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները: Շաբաթներ առաջ պրն. Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրև տնտեսագետ ևս հայտնի է, հետևաբար որոշակիորեն ծանոթ է նաև հայրենի օրենսդրությանը: Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում և բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ: