Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվեցին հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր։ Մասնակիցները վերահաստատեցին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձ ունեցան «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։ Արձանագրվեց, որ դպրոցական հիշյալ ձեռնարկում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական և կարևորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ ու բացթողումներ։ Խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգևոր կյանքի պատմական կարևորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։