Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։
1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների: