Տեր Շահե ծայրագուն վարդապետ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությունից հետո նրա դեմ ծավալված արշավին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի
Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել…. դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։