Պաշտպանենք մեր երկիրն ու մեր սրբությունները․ Վեհափառ

  • 29/09/2024

hraparak.am

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սո՛ւրբ է»
«Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Տիրոջ ողորմած կամքով միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակալին, որ նորոգության երկար աշխատանքներից հետո այլևս ամրակայված ու բարեզարդված և այսօր նոր մյուռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր հավատավոր զավակների, ուխտավորների և այցելու հյուրերի առջև։

Նվիրական այս պահին մեր հոգում արձագանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատես Մովսեսին ուղղված Ամենակալ Տիրոջ խոսքը․ «Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։
Բարձրյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց տապանակիր Արարատի հովանու ներքո Նոյ Նահապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ՝ ասելով․ «Այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար» (Ծննդ․ 8․21)։ Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Ամբողջական տեքստ