Պառակտումներն ու սերմանվող ատելությունը նոր ցնցումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը. Կաթողիկոսի պատգամը

  • 04/04/2021

news.am

Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ այսօրվա պատգամում:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»

(Շարական Հարության)։

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Մենք այդ վստահությամբ ենք քաջալերվում, նաև գոտեպնդվում նեղությունների ու վշտերի, մահվան ահասարսուռ իրողության հանդիման` ունենալով հաստատուն հավատը, որ Քրիստոս հարություն է առել և նորոգել է կյանքը, դուրս բերել մարդկությանը մեղքի ու չարիքի խավարից, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև։ «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ` այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. 5.11): Քրիստոսի Հարությամբ բացվել է օրհնյալ կյանքի, հույսի, սիրո, խաղաղության ու համերաշխության լուսավոր ուղին։ Այս կենարար ճանապարհից շեղումը հարության փոխարեն մահ ու ավեր է սփռում, փրկության փոխարեն՝ դատապարտություն և կործանում, կյանքը դարձնում ատելության, բաժանումների հորձանուտ՝ լի չարի փորձություններով ու վտանգներով։

Ամբողջական տեքստ