hraparak.am
Թուրքական ընդդիմադիր «ԱԹԱ» կուսակցության փոխնախագահ Էմին Ֆաքիր Գյուրը ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ հանդես է եկել Կոստանդնուպոլսի հույն պատրիարք Բարդուղիմեոսին թուրքական քաղաքացիությունից զրկելու նախաձեռնությամբ, եթե վերջինս շարունակի իր հակաթուրքական գործունեությունը։ Նույն գործընթացը նա առաջարկել է իրականացնել նաեւ ծնունդով ստամբուլցի արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսի հանդեպ, ով 2019 թվականից գլխավորում է Կոստանդնուպոլսի պատրիարքության ենթակայության ներքո գտնվող Ամերիկայի հույն ուղղափառ թեմը։
Թուրք քաղաքական գործիչը կարծում է, որ անընդունելի է, որ Բարդուղիմեոսն ու Էլպիդոֆորոսը, որոնք չեն կարող արտասահման մեկնել առանց Ստամբուլի Ֆաթիհ շրջանի պրեֆեկտուրայի թույլտվության, միջազգային հարթակներում հանդես են գալիս հակաթուրքական հայտարարություններով։ Նա ասել է` ակնկալում է, որ թուրքական իշխող կուսակցությունը եւ նախագահ Թայիփ Էրդողանը քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Էմին Գյուրն ասել է, որ նախ պետք է հիշեցնել այդ անձանց, որ իրենք կրոնավորներ են, եւ պետք է անել ամեն բան՝ հեռու պահելու նրանց հակաթուրքական գործողություններից։ Ու եթե հարկ է, ապա պետք է նրանց զրկել նաեւ թուրքական քաղաքացիությունից, իսկ հատկապես Բարդուղիմեոսին հեռացնել պատրիարքական պաշտոնից։