Երբ Սերժ Սարգսյանը խոսում է 2040 թ-ին չորս միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանի հեռանկարի մասին, դրա հիմքում առաջին հերթին նկատի ունի հայրենադարձության գաղափարը: Ավելորդ չէ նշել, որ նման հավակնոտ ծրագիր իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է իրական նախադրյալներ ստեղծել ազգային արթնության, վերածննդի, կոնսոլիդացիայի համար: Հայ ժողովրդի արթնության, կոնսոլիդացիայի կարևոր աղբյուր են եկեղեցին ու լեզուն:
Նույնիսկ Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին առնվազն արդարացված չէր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ստեղծումը, որն, ըստ էության, Հայ Առաքելական եկեղեցին քաղաքական-գաղափարական հատկանիշով պառակտելու գործողություն էր: Եթե խորհրդային տարիներին եկեղեցին երկփեղկելու քայլը ՀՅԴ-ն մոտիվացնում էր կոմունիստական իշխանությանը հակազդելու անհրաժեշտությամբ, ապա Երրորդ հանրապետության հռչակումից հետո Դաշնակցության փաստարկները կորցրեցին իրենց կենսունակությունը, որովհետև հայրենիք վերադարձավ անգամ ՀՅԴ-ն ու թվում էր` եկեղեցու միավորման հարցը պետք է դառնա մեր պետական, քաղաքական, հոգևոր էլիտաների առաջնահերթություններից մեկը: