hraparak.am
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):
Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:
Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը: