Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում:
Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն ունեն սեփական մայրենի լեզուն՝ ժեստերի լեզուն և նրանք նույնպես կարիք ունեն լսել և հասկանալ Աստծո խոսքն իրենց լեզվով:
Խուլերի համայնքի ներկայացուցիչները ժեստերի լեզվի թարգմանչի շնորհիվ միշտ մասնակցում են եկեղեցում կատարվող արարողություններին և կարևոր է, որ նրանք ևս Աստվածաշունչն ունենան հենց իրենց մայրենի լեզվով:
Այս նախաձեռնությունն իրականացնելու համար Արարատյան Հայրապետական թեﬕ և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով դեռևս անցյալ տարի թողարկվել է ժեստերի լեզվով Հին Կտակարանի թարգմանության տեսասկավառակը: Այս տարի հոկտեմբերի 12-ին արդեն կայացավ ժեստերի լեզվով Նոր Կտակարանի տեսասկավառակի շնորհանդեսը: