Նավասարդը հին հայկական այն հազվադեպ տոներից է, որը Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չի հարմարեցրել իրեն։ Դեռևս IV դարից եկեղեցին ադապտացրել, քրիստոնեացրել է հեթանոսական տոները՝ Տրնդեզը, Զատիկը, Վարդավառը, Խաղողօրհնեքը։
Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում այսօր հարյուրավոր հեթանոսներ են ապրում, որոնք իրենց հայորդի են անվանում։ Նրանք երկրպագում են հին հայկական աստվածներին ու պահպանում են հայ ժողովրդի հին տոները։
Sputnik Արմենիան արդեն գրել է հեթանոսական Զատկի ու Միհր աստծու ծնունդի տոների մասին։ Այս անգամ մենք մասնակցել ենք Նավասարդի տոնակատարությանը, որը հին հայերի ամենասիրած տոներից մեկն էր։ Այն նշում էին մի շաբաթ շարունակ և ուղեկցվում էր ժողովրդական տոնախմբությամբ։