Դեկտեմբերի 25-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում տեղի ունեցավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի և մանկավարժ Սոսե Ղլեջյանի ասուլիսը։ Գոհար Արշակյանը նշեց, որ իրենց համար անսպասելի էր Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երեւանյան այցելությունը. «Բոլորս մտածում էինք, որ ինքը պետք է հրաժարական տա, բայց պարզվում է հասել է Երեւան, դեռ ասուլիս է տվել, եւ ասում է` Բեկչյանը պետք է հրաժարական տա: Եվ սա այն դեպքում, երբ ընտրվել է համապատասխան կանոնակարգով, եւ որի ընտրությունը ճանաչել է նաեւ Մայր Աթոռը…Փոխանակ խնդրի, որ հարցին նորմալ լուծում տա, մի անկյունում նստի, տեսեք ինչեր է անում…Լավ, ո՞վ նրան ներեց, երբ միլիոնուկես մեր նահատակների հիշատակը պղծեց: Ափսոսում եմ, որ Էջմիածնի հոգեւոր գերագույն խորհուրդը աչք է փակում այս ամենի վրա: Աթեշյանն ինչքանո՞վ է անփոխարինելի անձնավորություն»: