Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ներկայիս իրավիճակի, հայ զինվորների մարտական ոգու, թշնամու քաղած դասերի մասին «Իրավունքը» զրուցել է թերթի Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ հետ: Սրբազանը լարված օրերին զինվորի նման թեժ կետերից չի իջել՝ որպես հոգեւոր հայր իր զորակցությունը տեղում հայտնելով սահմանը պահող մեր սպաներին: Մեր զրուցակիցը նախ փորձեց ամոփոփել անցած լարված օրերը.
– Հայոց բանակը մեկ անգամ եւս փաստեց, որ մշտապես վերահսկում է իրավիճակը եւ պատրաստ է ժողովրդի անվտանգությանը միտված ցանկացած ծանրության գործողություն կատարել: Շատ են խոսում, որ, օրինակ, այս օրերին Տավուշում տագնապի, խուճապի տրամադրություններ են: Չկա՛ նման բան, վստահեցնում եմ Ձեզ: Կրակոցները Տավուշում նորմալ են, պարզապես երբեմն սրացումներ են տեղի ունենում, ինչին ժողովուրդը ինքնակազմակերպված, կանոնավոր կերպով արձագանքում է: Մտահոգություն, լարվածություն բնականաբար առկա է, բայց մնացած երեւույթները՝ ոչ: Երեսուն տարի ապրում ենք այսպես` առանց նահանջելու, պայքարելով, արարելով եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք էլ ավելի ամրացնել մեր անվտանգությունը: