Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է իսրայելական մամուլում տարածվող այն լուրերը, թե Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հայկական թաղամասը։ Նա անդրադառնում է նաև հայկական համայնքին առնչվող այլ հարցերի։
– Իսրայելական մամուլը, մասնավորապես, Jewish Press լրատվականը, տեղեկություն է տարածել այն մասին, որ թուրքական կառավարությունը թիրախավորել է Երուսաղեմի հայկական թաղամասը․ հայերին գումարներ են առաջարկվում, փորձ է արվում տիրանալ հայկական գույքին։ Արդյոք ճի՞շտ են այս տեղեկությունները, և եթե այո՝ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը։
– Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Յեդիդի «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» հոդվածը։ Հեղինակի հիշատակած՝ թուրքերի կողմից հայերին առաջարկված 3000 դոլարի դրամաշնորհների մասին հարկ է նշել, որ Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով վիճակում են, իսկ սոցիալապես անապահով վիճակում գտնվողներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ապահովել է բնակարանով, աշխատանքով և սննդով, հետևաբար, երուսաղեմահայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով: