Թե՛ հեղինակին, թե՛ նախարարին վերեւից հրահանգված է՝ ոչ մի կերպ չզիջել

  • 10/02/2024
  • Սոնա Ադամյան

hraparak.am

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը 133 էջով ներկայացրել է իր պարզաբանումները՝ պատմագիտական համայնքի մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների եւ դիտարկումների վերաբերյալ: Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել է «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը։ 129 կետով պատասխանել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին եւ 13 կետով արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։ Ընդհանուր առմամբ, դասագրքի հետ կապված՝ 263 դիտարկում է նա արել, որոնց մեծ մասի հետ հեղինակը ոչ թե համաձայնել է, այլ ընդամենը իր պարզաբանումներն է ներկայացրել։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ դասագրքի հեղինակի պարզաբանումներին, բայց չի էլ շտապում, որովհետեւ ոչ միայն ինքը պետք է ծանոթանա, այլ նաեւ իրենց կրթական հանձնախմբի բոլոր անդամները, քանի որ ինքը ստորագրել է այդ նամակը ողջ հանձնախմբի անունից․ «Ինչ վերաբերում է մեր դիտողությունները իր չընդունելուն, ես կարծում եմ, որ հստակ հրահանգ կա՝ չհնազանդվելու, եւ ինքն այդ հրահանգը շատ խելոք կատարում է, այլապես ուրիշ բացատրություն չեմ տեսնում, քանի որ ոչ թե սարսափելի վրիպակներով, այլ սարսափելի սխալներով, անթույլատրելի արտահայտություններով է լեցուն դասագիրքը։ Երբ հանդիպեցինք, ես իրեն առաջարկ արեցի, ասացի՝ դու ինքդ ընտրիր դասագրքի ամենակատարյալ, անխոցելի հատվածը՝ այդ պարբերության մասին խոսենք, եւ ես ցույց տամ, որ այդտեղ էլ բազմաթիվ սխալներ կան։ Կարծում եմ՝ ինքը հստակ հրահանգ ունի վերեւից՝ ոչ մի կերպ չզիջել, տեղի չտալ, որպեսզի 2-3-րդ պաշտպանական շերտերի համար դժվարություն չստեղծվի»։

Ամբողջական տեքստ