hraparak.am
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շատ է սիրում Մայր աթոռին օգնող բարերարներին` ինչքան բարերարը շռայլ է եկեղեցու եւ Վեհափառի հանդեպ, այնքան ավելի շատ է սիրում նրան: Որպես սիրո դրսեւորում` Վեհափառը մեդալներ է շնորհում եկեղեցուն փող տվող բարերարներին, ընդունում է նրանց իր մոտ, խնջույքի է հրավիրում, պատվում-մեծարում, հրավիրում է ներկա գտնվել եկեղեցական միջոցառումներին:
Այսօր Գարեգին Բ-ն ընդունել է «ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին», հաղորդում է Էջմիածինը: Սամվել Կարապետյանին ոչ միայն այսօր է ընդունել Ամենայն հայրապետը, այլեւ նրան մյուռոնօրհնեքի կնքահայր է նշանակել, եկեղեցու վերաօծման ժամանակ էլ «Սուրբ Էջմիածին» շքանշան հանձնեց նրան եւ մի խումբ անձանց, ովքեր Մայր տաճարի բարեկարգման ֆինանսական հոգսը իրենց վրա էին վերցրել:
Այսօրվա հանդիպման ժամանակ էլ կաթողիկոսը «անդրադարձել է ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը»։ Վեհափառը «բարձր գնահատեց տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայեց 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին» եւ մաղթեց, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին»։