Նոյեմբերի 16-17-ը Մոսկվայի եկեղեցական համալիրում նախագահությամբ Տ․ Եզրաս արք․Ներսիսյանի գումարվեց քահանաների տարեկան ժողով, որին մասնակցում էին թեմի տարբեր համայնքներում ծառայող 34 հոգևորական։
Տերունական աղոթքից հետո Սրբազան հայրը ողջույնի խոսք ասաց և շնորհավորեց թեմի հոգևորականների շարքը համալրած Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանին Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր ծառայություն։ Ամփոփելով թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված միջոցառումները՝ Սրբազան հայրը նշեց, որ ողջ տարվա ընթացքում տարբեր համայնքներում, հատկապես երբեմնի առաջնորդանիստ կենտրոն հանդիսացող քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում, Դոնի Ռոստովում հավուր պատշաճի կազմակերպվել են հայագիտական թեմաներով գիտաժողովներ, բազմազան ցուցադրություններ, տպագրվել թեմի հոգևոր և մշակութային կյանքին առնչվող գրքեր, համերգներ, որին մասնակցել են Ռուս Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր։ Սրբազան հոր խոսքով՝ բացառիկ արձագանք ունեցավ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում կազմակերպված <<Թող լինի հիշողությունը․․․>> խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված էր Սուրբ Կատարինե տաճարի երբեմնի եկեղեցական սպասքը, Սուրբ Գրքերը, զանազան խաչեր, հոգևորականի զգեստներ և այլն։ Մեծաթիվ մարդիկ առիթ ունեցան շփվելու ու հաղորդակից դառնալու, խորապես ճանաչելու ու գնահատելու աշխարհում ամենահին ազգերից մեկի՝ հայերի կերտած հոգևոր և մշակութային համամարդկային արժեքները։