Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։
Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,
Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,
Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով: