Նրանք, ում Աստվածն իրենց որովայնն է, չեն հասկանա, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

  • 20/12/2020

iravunk.com

Ես և երևի ինձ նման ձեզնից շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը կհամարեն իրենց կյանքի ամենադժբախտ օրը, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Հասկացողները կհամարեն, անհասկացողները չեն համարի։ Նրանք, որոնց Աստվածն իրենց որովայնն է, իրեն որկորն է և իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա։ Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում։ Հիմա շատ բաներ կխոսեն, բայց իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու։

Այսօր թշնամին եկել հասել է Սյունաց սահմաններ, ոտքով մտնում, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու։ Զիջելու տե՞ղ է մնացել։

Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն իսկ չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ։ Ես իմ ապրելու իմաստն եմ կորցնել, իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, հպարտությունս, երջանկությունս եմ կորցրել, իմ անցած ճանապարհն եմ կորցրել։ Եվ եթե միայն Աստված ինձ հույս չտա ապրելու, և շարունակելու պայքարը հանուն հայրենիքի, ես ապրելու իմաստ չեմ տեսնի։

Զարմանում և նույնիսկ զայրանում եմ, որ հայ ժողովրդի մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ասեն՝ վաղուց պետք է տայինք, պրծնեինք։ Ինչ լավ եղավ՝ տվեցինք, պրծանք», – հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդը։

Նա նշեց, թե այդ մարդկանց հայկականության վրա խիստ կասկած ունի։
«Այսօր վշտի խորխորատում ենք, բայց պիտի նայենք դեպի վեր այդ անդունդից դուրս գալու համար։ Մեր ցանկությունը մեկն է, որպեսզի նա, ով պատասխանատու է և գլխավոր մեղավորն է այս ամենի, հեռանա, ասպարեզը զիջի և տեղ տա նոր մարդկանց, նոր դեմքերի, որոնք հայրենասեր են և այս հայրենիքի ամեն մի թիզ հողի համար պատրաստ են ոչ թե խոսքով, այլ գործով զոհաբերվելու։

Ուրիշ ճանապարհ չկա, վաղ թե ուշ վարչապետի աթոռը զբաղեցնողը հեռանալու է, բայց ամեն մի օր, որ մնում է, նա մեզ ավելի է քաշում խորխորատ, և եկողի համար, ով պետք է գա մեզ փոսից հանելու, ավելի դժվարանալու է այս փոսից հանելը, որովհետև նրա մնալով մենք ավելի ենք խրվում ճահճի, կեղտի և ցեխի մեջ»։

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ իր քաղաքական կյանքը երկարացնելով՝ Նիկոլ Փաշինյանը դժվարացնում է հաջորդի ամեն մի եկող օրը։ Հետևաբար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ վարչապետը վայրկյան առաջ հեռանա, և դրա համար պետք է միասնական կամք։