ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: ԱԱԾ-ն հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել ՀՀ եւ Արցախի անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:
«ԱԱԾ-Ն ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԵՐ, ԱՅԼ ԼՐՋՈՐԵՆ ԶԲԱՂՎԵՐ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՎ»
– Պարոն Ամարյան, ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վահե ՊԵտրոսյան անունով աղանդավորականը: Ազգային անվտանգությունն ազգաբնակչությանը հորդորել է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսեւորել զգոնություն, աչալրջություն եւ զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց: Ի՞նչ կասեք վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:
– Այսօրվա դրությամբ` բոլոր աղանդավորները մտել են ընդհատակ այնպես, որ չերեւան: Բայց հիմնականում այս օրերին կրոնական կառույցներ կան, որ զբաղված են տեղեկատվության հավաքագրման խնդրով, ինչպիսիք են մորմոնները, «Եհովայի վկաները», խարիզմատիկ եկեղեցիները: Վահե Պետրոսյանը, որին ես եմ ճանաչում, ինչքան գիտեմ, խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչ է: Հիշեցնեմ, որ խարիզմատիկ եկեղեցուց էր նաեւ այն անձը, որն իրականացրեց 2012 թվին Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Ընդհանրապես` խարիզմատիկ եկեղեցում ԱԱԾ-ն շատ գործ ունի ճշտելու: Օրինակ, այն, որ խարիզմատիկ եկեղեցիներից մեկն ունի մասնաճյուղ Թուրքիայում եւ իր կառույցը Ադրբեջանում, որը ոչ թե քույր եկեղեցի է, այլ նույն եկեղեցու մասնաճյուղն է, որը կա Հայաստանում: Ավելին` այդ կառույցի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միասնության մասին շատ նյութեր կան համացանցում: Կարծում եմ` արդեն միանշանակ պարզ է, թե այդ տեղեկատվությունների հավաքագրման պատվիրատուն ով է: