Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին

  • 30/03/2023

armenianchurch.org

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լուսաբանություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Այս իմաստով Նորին Սրբությունը նկատեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։

Ամբողջական տեքստ