Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Սրբազանը 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մեզ հետ զրույցում նշեց, որ հենց հոգաբարձուների խորհուրդն է իր թեկնածությունն առաջադրել։ «Հոգաբարձուների միաձայն ընտրությամբ եւ որոշմամբ նրանք նախընտրել են այս ծանր, բայց քաղցր առաքելությունն ինձ վստահել։ Անշուշտ, սա միանձնյա որոշումների հիմնադրամ չէ, այլ հոգաբարձուների խորհրդի հետ միասին մեծ ջանք ու եռանդ պահանջող աստվածահաճո առաքելություն է՝ ուղղված մեր սիրելի զավակների կյանքին, առողջությանը եւ ապաքինմանը»,- ասաց Սրբազանն ու հավելեց, որ հիմնադրամն ունի բավականին մեծ աջակիցների խումբ, բայց հիմնականում կառավարվում է հոգաբարձուների խորհրդով եւ խորհրդի գործառույթների մեջ է ընտրել իր նախագահին ու նշանակել գործադիր տնօրենին։