«Ցավ, ամոթ եւ ափսոսանք եմ ապրում Նիկոլ Փաշինյանի՝ Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարության համար («Հոգեւորից մինչեւ քաղաքական էլիտա, չեք թպրտալու․․․»)։ Ժամանակ առ ժամանակ ամենատարբեր հարթակներից եկեղեցին ու հոգեւորականությանը զրպարտող հայտարարությունները հավակնում են քրիստոնյա հայ ժողովրդի գիտակցության մեջ թույլատրելի դարձնել ազգային սրբությունների հանդեպ աստվածամարտ վերաբերմունքը։ Այսօր, երբ նորմալիզացվում են եկեղեցու եւ ազգային արժեքների հանդեպ հարձակումները, հաճախ եմ մտովի ետադարձ հայացք նետում քրիստոնեության դարձի ժամանակներին։ Տրդատ թագավորը Մասիսի ստորոտից ծանր քարերն իր ուսերին առած Վաղարշապատ էր տեղափոխում՝ Մայր Տաճարը կառուցելու համար, իսկ այսօր զրպարտության քարեր են նետվում նույն սրբություն սրբոցի վրա։ Քրիստոսապաշտ թագավորը քաջալերում էր հավատքը, ամենուրեք հովանավորում քրիստոնեական դաստիարակություն մատուցող դպրոցների հիմնումը, իսկ այսօր քրիստոնեական դաստիարակությունը դուրս է մղվում դպրոցից՝ նախապատրաստելով ապագա սերունդների բարոյական սպանությունը․․․ Այսօր, առավել քան երբեւէ, հայ ժողովուրդը պառակտված, հուսալքված եւ ապակողմնորոշված է։